Ստեփանակերտի Մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը, որն արդարացվում է որպես «օկուպացիայի հետևանքների վերացում», գաղութատիրական դասական ձեռագիր է։ Մինչ տեխնիկան հողին է հավասարեցնում քրիստոնեական սրբավայրերը, իրեն «ավանդական արժեքների» բացարձակ պաշտպան հռչակած Ռուսաստանը պարզապես լռում է։ Այս լռությունը հստակ ապացույց է՝ թվացյալ փրկիչների վրա հույս դնելու ժամանակն անվերադարձ անցել է։
Զայրույթն ու հիասթափությունը չեն փրկելու Արցախի խորհրդանիշ «Տատիկ-պապիկն» ու մնացած հուշարձանները։ Մեզ անհրաժեշտ է հստակ, ինստիտուցիոնալ և իրավական ճարտարապետություն՝ ավերածությունները կանգնեցնելու համար։
Կիպրոսի մոդելը. ինչպես իրավունքը հաղթեց տրակտորներին
1974 թվականից հետո, երբ կղզու հյուսիսային հատվածում ավերվում էին հարյուրավոր ուղղափառ եկեղեցիներ, Կիպրոսը չբավարարվեց միայն հուզական դատապարտումներով։ Նրանք ստեղծեցին Հնությունների հատուկ դեպարտամենտ՝ հստակ բյուջեով և լիազորություններով, վավերագրեցին յուրաքանչյուր քարի տեղաշարժ և գործի դրեցին միջազգային իրավունքի ողջ զինանոցը։ Արդյունքում հաջողվեց հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խիստ վճիռներին և վերադարձնել գողացված մասունքները։ Նմանատիպ իրավական հաղթանակ գրանցվեց նաև Մալիում, երբ Միջազգային քրեական դատարանը Տիմբուկտուի հուշարձանների ոչնչացումը որակեց որպես պատերազմական հանցագործություն՝ դատապարտելով մեղավորներին:
Ինչ պետք է անել հիմա
Մշակութային ժառանգության պաշտպանությունը ինքնիշխանության և պետականակենտրոն մտածողության գործնական կիրառումն է։ Ահա այն երեք քայլերը, որոնք պետք է իրականացնել անհապաղ.
1. Ինստիտուցիոնալացված վավերագրում. Պետք է ստեղծել հատուկ միջգերատեսչական հանձնաժողով՝ միջազգային իրավաբանների ներգրավմամբ, որը բացառապես կզբաղվի զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության 1954 թ. Հաագայի կոնվենցիայի խախտումների արձանագրմամբ՝ հիմնվելով արբանյակային տվյալների վրա։
2. Նպատակային իրավական հարվածներ. Քարին տակի եկեղեցու պղծման դեպքով ՄԻԵԴ դիմելն արդեն իսկ ապացուցել է իր իրավական զսպող ուժը։ Անհրաժեշտ է ընդլայնել այս պրակտիկան՝ անհատական և միջպետական գանգատներ ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության վերացման կոնվենցիայի խախտման հիմքով, և պահանջել հրատապ միջոցների կիրառում։ Այս գործընթացը պետք է ունենա պետական ֆինանսավորում և թիրախային բյուջե:
3. Ուղիղ դիվանագիտություն. Շրջանցելով պասիվ միջնորդներին՝ հարկավոր է ակտիվորեն աշխատել «Europa Nostra»-ի և Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի հետ՝ իրավական ամուր փաստարկներով պատրաստված փաթեթներն անմիջապես հասցնելով միջազգային որոշում կայացնողներին։
Սեփական պատմությունը լոկ վկայակոչելը բավարար չէ, այն պետք է պաշտպանել ժամանակակից պետությանը վայել գործիքներով։ Իրավական մեխանիզմները կան, հաջողված նախադեպերը՝ նույնպես։ Մնում է միայն կիրառել դրանք: